Իսրայելի ոստիկանությունն անհրաժեշտ է համարում վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներկայացնել կոռուպցիայի, կեղծարարության և վստահության չարաշահման մեղադրանք: Ոստիկանության տվյալներով` քննիչները բավարար ապացույցներ ունեն, որ վարչապետին պաշտոնապես մեղադրեն կաշառակերության մեջ: Ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունենալով` Նեթանյահուն անհիմն անվանեց մեղադրանքներն ու հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարական տալու: Նրա խոսքով` առաջադրված մեղադրանքները «կավարտվեն ոչնչով»: Ինչու՞մ են նրան մեղադրում: Առաջին դեպքում իբր Նեթանյահուն խնդրել է ազգային օրաթերթի` «Եդիոտ ախրոնոտի» («Վերջին նորություններ») հրատարակչին իշխանությունների գործունեությունը լուսաբանել դրական տոնայնությամբ` թերթի ուղղակի մրցակիցներին զսպելու օգնության փոխարեն: Ոստիկանությունը կարծում է, որ այդ գործով մեղադրանք պետք է ներկայացվի և «Եդիոտ ախրոնոտի» խմբագիր Առնոն Մոզեսին:
Երկրորդ դեպքում կասկածում են, որ 2009-ից վարչապետ Նեթանյահուն միլիոն շեքելից (280 000 դոլար) ավելի նվերներ է ստացել հոլիվուդյան մագնատ և պրոդյուսեր Առնոն Միլչենից և իր մյուս կողմնակիցներից: Jerusalem Post-ը գրում է, որ նվերների թվում եղել են սիգարներ ու շամպայն` Առնոն Միլչենն այդկերպ «վարձահատույց» է եղել ԱՄՆ վիզա ստանալու համար: Միլչենը տասնյակ հոլիվուդյան ֆիլմերի պրոդյուսեր է: Ոստիկանների կարծիքով` նրան նույնպես պետք է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել: Ոստիկանության պաշտոնական հայտարարությամբ` նվերները ստանալուց հետո Նեթանյահուն ակտիվորեն առաջ է մղել «Միլչենի օրենքը», որով արտասահմանից հայրենիք վերադարձած իսրայելցիները 10 տարով ազատվելու էին հարկերից: Օրինագծի ընդունումը կասեցրել է ֆինանսների նախարարությունը:
Ոստիկանությունը վարչապետին կասկածում է նաև կեղծարարության ու իր պարտականությունների խախտման մեջ ավստրալիացի միլիարդեր Ջեյմս Պեկերի գործում: Անցած տարվա դեկտեմբերին իսրայելյան Channel 10-ը հաղորդել է, որ Պեկերը քննիչներին պատմել է վարչապետին ու նրա կնոջը` Սառային, նվերներ տալու մասին: Իսրայելի ԶԼՄ-ների տվյալներով` այդ գործերի շրջանակներում քննիչները Նեթանյահուին հարցաքննել են 7 անգամ: Մեղադրանքներ հարուցե՞լ Նեթանյահուի դեմ, թե՞ ոչ, պետք է որոշի գլխավոր դատախազությունը, դա կարող է մի քանի ամիս տևել:
Արդարադատության նախարար Աելեդ Շակեդը հայտարարել է, որ անգամ պաշտոնական մեղադրանք առաջադրելու դեպքում վարչապետը պարտավոր չէ հրաժարական տալ: Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել է, որ աշխատել է ի բարօրություն երկրի, իսկ առաջադրվող մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: 2019-ի նոյեմբերին Իսրայելում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Հիմա Նեթանյահուն գլխավորում է բավականին անկայուն կոալիցիա, հեռուստատեսությամբ իր ելույթում նա վստահ հասկացրեց, որ մեղադրանքները ընտրությունների վրա չեն ազդի: «Այս տարիներին ես 15 անգամ ենթարկվել եմ հետաքննությունների ու քննչական գործողությունների: Որոշ գործեր ավարտվել են նույնքան սպառնալից հորդորներով ոստիկանությանը, որքան հիմա: Այդ բոլոր փորձերը ավարտվել են ոչնչով: Ոչնչով կավարտվեն նաև այս անգամ»` հայտարարել է վարչապետը:
68-ամյա Բենիամին Նեթանյահուն վարչապետի պաշտոնում է արդեն երկրորդ ժամկետով և գլխավորում է Իսրայելի կառավարությունը 2009-ից: Բացի այդ` նա վարչապետ է եղել և 1996-1999-ին, հանրագումարում Նեթանյահուն վարչապետ է արդեն 12 տարի: Այդ ընթացքում նրան բազմիցս մեղադրանքներ են առաջադրվել: Դեռ առաջին վարչապետության ժամանակ, 20 տարի առաջ, ոստիկանությունն առաջարկում էր Բենիամին և Սառա Նեթանյահուներին ներկայացնել քրեական մեղադրանք` պաշտոնական նվերները պահելու համար, որ պիտի փոխանցվեին պետությանը: Հետագայում այդ մեղադրանքները հանվեցին: 2015-ին հուլիսին Նեթանյահուին մեղադրեցին, որ ամուսիններն իբր բյուջեից են վճարել ընկերությանը, որի ծառայություններից օգտվել են իրենք: Այդ մեղադրանքները հետագայում նույնպես հանվեցին:
BBC
Հ.Գ. Առնո+Առնո+Ջեյմս գործով քաղաքական ասպարեզից հեռացնել վարչապետին մի շրջանում, երբ ԱՄՆ-ը Երուսաղեմն ընդունել է Իսրայելի մայրաքաղաք և Իսրայելը բուռն գործողությունների մեջ է Սիրիայի կոնֆլիկտում ու ջանում է Սիրիայից դուրս մղել Իրանին: Անորոշության մեջ է հայտնվել իսրայելապաղեստինյան բանակցությունների ապագան: ՈՒ՞մ է պետք Բենիանին Նեթանյահուի հեռացումը: Հաշվի առեք, որ Իսրայելի նոր վարչապետը վստահաբար շարունակելու է նույն քաղաքականությունը: Պարզապես այդպիսին է իսրայելյան համակարգը` օրենքից դուրս ոչ ոք չկա: ՈՒզու՞մ եք հասկանալ Իսրայելի ու Հայաստանի տարբերությունները: Որոնեք սկզբունքների ու աշխարհընկալման մեջ: Համեմատեք և կստանաք պատասխանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ